2016թ-ին շահագործման հանձնվեց Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհը: Նորակառույց ճանապարհն ամբողջովին իր վրա է վերցրել հարավից դեպի մայրաքաղաք եկող և հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ծանրաբեռնվածությունը: Միջազգային չափանիշներին համապատասխանող այս ճանապարհի երկարությունը կազմում է 5կմ, իսկ միջին լայնությունը՝ 24-28մ:Տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկություն ապահովելու նպատակով կառուցվել է 270 մ երկարությամբ ուղեանց (էստակադա)՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով: Հիմնական ճանապարհը բաղկացած է երթևեկելի 4 գոտուց: Հարակից բնակելի տների համար կառուցվել են նաև լրացուցիչ երթևեկելի գոտի և սպասարկման ճանապարհ: Արտաշատի խճուղում կառուցվել է վերգետնյա հետիոտնային անցում, որն առաջին անգամ Երևանում ապահովված է հաշմանդամների համար նախատեսված վերելակներով: Ճանապարհի շինարարությանը նախորդել են իրացման լայնածավալ աշխատանքներ, որոնք իրականացվել են Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան: