ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԸ՝

transport.yerevan.am

Ս․ թ օգոստոսի 11-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ առաջին անգամ ներկայացվեց Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության հարթակը՝ transport.yerevan.am կայքը։ Բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը խոսեց բարեփոխումների գործընթացի, հիմնական սկզբունքների և մասնագիտական խմբի աշխատանքի առանձնահատկությունների, ինչպես նաև գործընթացում հանրության հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին։ Հասարակական տրանսպորտի բարեփոխումների պաշտոնական կայքը ներկայացրին «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» ղեկավար Նորա Մարտիրոսյանը և «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը։
«Երևան քաղաքի համար հանրային մեծ նշանակություն ունեցող այս բարեփոխումը երկար սպասված է բնակիչների և բոլորիս կողմից, և ակնհայտ է, որ գործընթացի մասին բոլորս ունենք մեր պատկերացումները։ Շատ կարևոր է լսել բոլորի կարծիքները, սակայն միաժամանակ լինել իրատես՝ հետևելով գործընթացին և հասկանալով, թե ինչ է առաջարկում մեզ միջազգային խորհրդատու կազմակերպությունը, ինչ հնարավորություններ ունենք»,- նշեց Վահե Նիկոյանը, ապա հավելեց, որ խորհրդատու կազմակերպությունն առաջարկում է ոչ թե վերջնական լուծումներ, այլ՝ բարեփոխումների տարբերակներ։ Վերջնական ընտրությունը կատարվելու է աշխատանքային խմբի ներկայացուցիչների և Երևան քաղաքի բնակիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում։

Բարեփոխումների պաշտոնական կայքում առկա է տեղեկատվություն ինչպես WYG միջազգային խորհրդատվական ընկերության և վերջինիս կողմից տրամադրված զեկույցների, այնպես էլ մասնագիտական աշխատանքային խմբի նիստերի և մինչև այժմ քննարկված հարցերի մասին։ «Քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի» ղեկավար Նորա Մարտիրոսյանի խոսքով՝ փորձել են հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ներկայացնել։ Նա նաև հավելեց, որ քվեարկությունների միջոցով ստանալու են մարդկանց կարծիքը գործընթացի հետ կապված տարբեր հարցերի մասին։

«Բացի պաշտոնական կայքից, ունենալու ենք նաև սոցիալական ցանցերում ակտիվ էջեր, որոնց միջոցով քաղաքացիները և բնակիչները հնարավորություն կունենան ակտիվորեն ներգրավվելու գործընթացում։ Այսինքն՝ մենք փորձել ենք շարքային քաղաքացու համար մասնակցության հնարավորինս մատչելի տարբերակներ առաջարկել։», – տեղեկացրել է Նորա Մարտիրոսյանը։

transport.yerevan.am կայքը պատրաստվել է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների ՓԲԸ-ի կողմից, որի տնօրեն Սարգիս Մանուկյանն իր խոսքում նշեց, որ կայքը փորձել են հնարավորինս պարզ ու հեշտ կիրառելի դարձնել այցելուների համար։ Նրա խոսքով կայքի բովանդակությունը հնարավորինս օպերատիվ կերպով թարմացվելու է, իսկ աշխատանքային թիմը ապահովելու է կայքի անխափան ու անվտանգ աշխատանքը գործընթացի ամբողջ ժամանակահատվածում։