Ս/թ-ի նոյեմբերի 30-ին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատված: Ծրագրի իրականացման պատասխանատուները քաղաքապետի առաջին տեղակալին ներկայացրեցին աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ շինարարության ավարտին ճանապարհահատվածն ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կառուցվում են երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ: Ճանապարհը հագեցած կլինի հետիոտների համար նախատեսված հինգ անցումներով, այդ թվում՝ մեկ վերգետնյա և մեկ ստորգետնյա: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի աշխատանքային այցի նպատակն էր նաև տեղում ծանոթանալ հաղորդուղիների տեղափոխման աշխատանքներին: Նա կարևորեց ճանապարհահատվածի հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը, այդ թվում ոռոգման ցանցի անցկացումը՝ կանաչ գոտիների պահպանման համար: