Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են նախագծային աշխատանքները, որի ընթացքում դաշտային այցեր և քննարկումներ են իրականացվում ‹‹Օնինեն›› (իրականացնում է ծրագրի նախագծումը, ինչպես նաև կիրականացնի շինարարական աշխատանքները) ֆիննական կազմակերպության և ‹‹Երքաղլույս›› ՓԲԸ-ի հետ միասին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևան քաղաքի թվով 28 փողոցներում՝

• առկա էներգատար լուսատուները փոխարինել խնայող LED տիպի լուսատուներով,

• փոխել/ամրացնել լուսավորության հենասյուները,

• առկա վերգետնյա մալուխներն անցկացնել ստորգետնյա կապուղիներով,

• ներդնել լուսավորության ցանցի կառավարման համակարգ:

Քաղաքային լուսավորության ծրագիրն իրականացվում է Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցությամբ: Հայաստանի Հանրապետության և ՎԶԵԲ-ի միջև 2015 թվականի մայիսի 11-ին կնքվել է վարկային համաձայնագիր։ Վարկի գումարը կազմում է 4.0 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանի Հանրապետության և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միավայրի գործընկերության (E5P) միջև 2015 թվականի հոկտեմբերի 20-ին կնքվել է դրամաշնորհային համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի սեպտեմբերի 30-ին: Դրամաշնորհի գումարը կազմում է 1.9 մլն Եվրո: