Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող ճանապարհաշինական նախագծերի ընթացքն են քննարկել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Հանդիպմանը մասնակցել են նաև բանկի տարածաշրջանային մասնագետները:

Անդրադառնալով քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերին՝ քաղաքապետն ընդգծել է դրանց կարևորությունն ու շարունակականության ապահովումը: Կողմերը խոսել են նաև ճանապարհաշինական նոր նախագծերի, մասնավորապես՝ Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող նոր ճանապարհը կառուցելու նպատակով վարկային հնարավոր միջոցներ ներգրավելու մասին:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը, գոհունակություն հայտնելով ծրագրերի արդյունքներից, նշել է, որ քաղաքապետարանը բանկի վստահելի գործընկերներից է, պատրաստակամություն հայտնել աջակցելու համայնքին լայնածավալ նախագծեր կյանքի կոչելու գործում, որոնք ունեն ոչ միայն մայրաքաղաքային կարևորություն: