Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոնալդ Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Լևոն Հովհաննիսյանը գոհունակություն է հայտնել երկու կառույցների համագործակցության արդյունքներից ու հագեցած օրակարգից:
ԱԶԲ-ի հետ համատեղ համայնքն այժմ ճանապարհաշինական խոշոր ծրագիր է իրականացնում. նախորդ տարի շահագործման հանձնվեց Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհը, այժմ ընթացքում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցությունն ընդլայնելու  պատրաստակամության համար՝ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոնալդ Լամբերտը նշել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը:
Քաղաքապետի պաշտոնակատարը հյուրերին է ներկայացրել ոլորտային այն խնդիրները, որոնց լուծման համար համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր: