Կոշտ Թափոնների Կառավարում

Գլխավոր

Կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև նույն չափորոշիչներին համապատասխան մեկուսացնել առկա աղբավայրի տարածքները: Այս ամենը ներառում է հիմքերի մեկուսացում, հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան ռեզերվուարների կառուցում:  Նախատեսվում է նաև ապահովել գազի մշտական արտադրություն և գազի այրման արդյունքում ստանալ  այլընտրանքաիյն էներգիա, որը կարելի է կիրառել  ինչպես ներքին սպառման կարիքները հոգալու, այնպես էլ՝ ընդհանուր օգտագործման համար՝ կախված առաջացող գազերից էլեկտրաէներգիայի ստացման քանակից:

Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի ընդհանուր արժեքը նախնական գնահատմամբ կազմում է 24 մլն եվրո, որից 8 մլն եվրո վարկը տրամադրում է  Եվրոպական (ԵՆԲ) ներդրումային բանկը, 8 մլն եվրո՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)  որպես վարկ և 8 մլն եվրո՝ դրամաշնորհ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցներից:

Աղբավայրի առկա իրավիճակը

1950-ական թվականներից սկսած Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում ավելի քան 30հա մակերեսով տարածք օգտագործվում է որպես աղբավայր /Նուբարաշենի աղբավայր/: Տարածքը ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով որպես աղբավայր, այն չի համապատասխանում իր չափանիշներով միջազգային /կամ որևէ/ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում է բացառապես որպես աղբի կուտակման վայր:

Աղբավայրում առկա չէ հիմքի մեկուսացում և չի կատարվում առաջացող մեթան գազի հավաքում: Աղբավայրը չունի ժամանակակից պահանջները բավարարող հոսքաջրերի հավաքման որևէ տեխնիկական համակարգ, որի պատճառով հոսքաջրերը հոսում են առկա  աղբավայրից դուրս՝ առանց որևէ պաշտպանիչ արգելքների: Աղբավայրը չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ հավաքվող աղբն ընդունելու համար, ինչի արդյունքում աղբ տեղափոխող ընկերությունները փնտրում են այլ տարբերակներ աղբավայրի տարածք չմտնելու համար: Հեռացվող թափոնները ուղղակիորեն բեռնաթափվում ու խառնվում են (հիմնականում առանց տոփանման) թափոնների հավաքագրման առաջնային գծում: Աղբավայրը ցանկապատված և առանձնացված չէ:

Վերոնշյալ հանգամանքների արդյունքում առաջանում են հետևյալ հիմնական խնդիրները՝

  • Առողջապահական և բնապահպանական

Հաշվի առնելով, որ առկա աղբավայրը չունի հոսքաջրերի հավաքման որևէ տեխնիկական համակարգ կամ որևէ ներկառուցվածքային սարքավորում՝ աղբավայրում առաջացող հոսքաջրերը, առանց մշակման, ազատ հոսքով ներծծվում են գրունտի ենթաշերտ, խառնվում են ստորգետնյա ջրերին՝ վնասելով շրջակա միջավայրն ու բուսականությունը /պտղատու/: Հետագայում աղտոտված ստորգետնյա ջրերը խառնում են գետերին՝ էական վնաս հասցնելով ֆլորային և ֆաունային, ինչպես նաև բացասական ազդեցություն ունենում բնակչության առողջության վրա:

  • Գազի հավաքման կայանների բացակայության պատճառով /բացառությամբ Շիմիձու կազմակերպության կողմից մի փոքր հատվածում կառուցվածի/ աղբավայրում մշտապես առկա բռնկումների հետևանքով առաջանում է ծուխ, որը բացասաբար է ազդում հարակից թաղամասերի բնակիչների առողջության և շրջակա միջավայրի վրա:

Աղբավայրում ցանկապատի բացակայության պատճառով առկա աղբը տարածվում է հարակից տարածքներով՝ առաջացնելով բնապահպանական բացասական հետևանքներ: Միաժամանակ ցանկապատի և ենթակառուցվածքների բացակայության հետևանքով աղբավայր են մուտք գործում սոցիալապես խոցելի խմբերի անձինք /աղբահավաքներ/, որոնք առողջության համար վտանգավոր պայմաններում իրականացնում են աղբի ձեռքով փաստացի տեսակավորում` եկամուտ ստանալու նպատակով:

Առկա չէ նաև մեքենաների անիվների լվացման սարքավորում, ինչի արդյունքում աղբի տեղափոխման մեքենաներն աղբավայրից դուրս են գալիս կեղտոտ անիվներով:

  • Անվտանգության

Աղբավայրում առաջացող մեթան գազի հավաքման կայանների բացակայության պատճառով գազը կուտակվում է և կարող է առաջացնել բռնկումներ: Աղբավայրի տարածք մուտք/ելքը վերահսկելի չէ, ինչի արդյունքում ինչպես վտանգավոր աղբի տեղադրումը աղբավայրի ամբողջ տարածքում, այնպես էլ՝ ֆիզիկական անձանց շփումն այդ աղբի հետ  սահմանափակված չէ, որն անթույլատրելի է ինչպես առողջապահական, այնպես էլ՝ անվտանգության տեսանկյունից:

  • Շահագործման

Հեռացվող թափոններն ուղղակիորեն բեռնաթափվում ու խառնվում են (հիմնականում առանց տոփանման) թափոնների հավաքագրման առաջնային գծում, որտեղ ապահովված չէ մեքենա-մեխանիզմների մուտք/ելք, ինչի արդյունքում աղբ տեղափոխող մեքենա-մեխանիզմները խրվում են աղբի՝ խոնավ և չտոփանված զանգվածի մեջ: Արդյունքում, էապես կրճատվում է նշված մեքենա-մեխանիզմների շահագործման ժամկետը, արդյունավետությունը և հանգեցնում է մեքենաների պահպանման ծախսերի զգալի աճի:

Նվազագույն ընդունելի շահագործում իրականացնելու համար աղբավայրն ապահովված չէ անհրաժեշտ քանակությամբ և որակի մեքենա-մեխանիզմներով:

 

Ծրագրի մասին

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել նախագծում, կառուցում և շահագործում մրցույթի հիման վրա, իսկ ծրագրի պատրաստման համար հիմք են հանդիսացել ՎԶԵԲ-ի կողմից դրամաշնորհային միջոցներով ներգրավված միջազգային խորհրդատուի կողմից իրականացված իրագործելիության արդյունքերը: Ծրագրում օգտագործված մոտավոր ցուցանիշների հստակեցումը հնարավոր կլինի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման փուլում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից՝ շուրջ 29 հա տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին /1999թ. ապրիլի 26-ի ԵՄ հրահանգ/ համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև նույն չափորոշիչներին համապատասխան մեկուսացնել առկա աղբավայրի /աղբավայրերի/ տարածքները:
Նոր աղբավայրի ամբողջ տարածքը նախատեսված է 8.8 մլն մ3 աղբի ծավալի համար, որը Երևան քաղաքում տարեկան 350 հազար տոննա աղբի գնահատված ծավալի պարագայում կապահովի շուրջ 28 տարի շահագործում: Աղբի ծավալների փոփոխությամբ պայմանավորված, մասնավորապես աղբի վերամշակման արդյունքում, աղբավայրի շահագործման ժամկետը կավելանա: Աղբավայրի ընդհանուր տարածքը նախատեսվում է բաժանել 4 գոտիների, որից ծրագրի ֆինանսավորման շրջանակներում փաստացի կառուցել 2-ը. առաջինը մոտ 6,3 հա մակերեսով, երկրորդը՝ 5,4 հա: Նախատեսված աղբի կուտակման ծավալները համապատասխանաբար կկազմեն 1,3 մլն մ3 և 1,5 մլն մ3: Նշված յուրաքանչյուր գոտու շահագործման ժամկետը սահմանված է մոտ 5 տարի:
Նախատեսվում է նոր կառուցվող աղբավայրի տարածքը մեկուսացնել առկա աղբավայրից, կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայր` շահագործման համար անհրաժեշտ բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով, հիմքերը մեկուսացնելով անջրաթափանց շերտերով, կառուցելով հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան ռեզերվուարներ վերջինիս պահեստավորման համար: Հետագայում հավաքված հոսքաջրերն օգտագործվելու են աղբի ցողման համար, որի նպատակն է, պահպանելով աղբի կենսաբանական քայքայման պրոցեսը, ապահովել գազի մշտական արտադրություն: Թափոնների զանգվածից գազերի հավաքումը կատարվելու է գազի հորերի միջոցով, որոնք միացվելու են գազահավաք խողովակներին: Գազահավաք խողովակները խտուցքահավաքիչի
միջոցով գազը տանելու են դեպի գազի այրում:
Գազի այրման համար այլընտրանք կարող է լինել գազի, որպես էներգիայի արտադրիչի, կիրառումը: Այդ էներգիան կարող է կիրառվել ինչպես ներքին սպառման կարիքները հոգալու, այնպես էլ՝ ընդհանուր օգտագործման համար՝ կախված առաջացող գազերից էլեկտրաէներգիայի ստացման քանակից:
Նոր աղբավայրն առանձնացված է լինելու ցանկապատով, զինված է լինելու աղբի կշեռքով և անվադողերի լվացման համակարգով, աղբի տոփանման և հարթեցման համար անհրաժեշտ համապատասխան մեքենա-մեխանիզմներով:
Նախատեսվում է կառուցել նաև աղբավայրի պատշաճ մուտ/ելք, սպասարկման վարչական շենք, թափոնների, հոսքաջրերի և վերգետնյա ջրերի վերլուծության լաբորատորիա և այլ ենթակառուցվածքներ:
Աղբավայրի շրջակայքում բնապահպանական պայմանները վերահսկելու համար նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝ ստորգետնյա ջրերի ստուգում, կլիմայի, օդի որակի և վերգետնյա ջրերի վերահսկման կետեր:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև փակել/մեկուսացնել առկա աղբավայրը /աղբավայրերը/՝ անջրպետելով վերջինս նոր աղբավայրից: Մեկուսացնելուն զուգահեռ նախատեսվում է ծածկել հին աղբավայրը՝ ապահովելով կուտակված գազի արտահոսքը և այրումը: Ընդ որում հին աղբավայրի այն հատվածներում, որոնք չեն օգտագործվել վերջին 20 տարվա ընթացքում, կիրականացվեն վերջնական մեկուսացման աշխատանքներ` ապահովելով բարեկարգ /կանաչ/ տարածքների առկայությունը, իսկ մնացած հատվածներում կիրականացվի ժամանակավոր մեկուսացում, որտեղ նստեցումները դադարելուց հետո կարող է առաջանալ վերջնական մեկուսացման անհրաժեշտություն:
Նուբարաշենի աղբավայրից բացի նախատեսվում է նաև փակել Երևան քաղաքում տարերայնորեն առաջացած Աջափնյակի աղբավայրը:

Ծրագրի արժեքը

Ծրագրի ընդհանուր արժեքը նախնական գնահատմամբ կազմում է 24 մլն եվրո, որից 8 մլն եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկից վարկ, 8 մլն եվրո՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից վարկ և 8 մլն եվրո՝ դրամաշնորհ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցներից:

Վարկի վերադարձելիություն

Վարկային համաձայնագրերով նախատեսված է, որ վարկերը պետք է ենթավարկային պայմանագրով փոխանցվեն Երևան համայնքի 100% սեփականություն հանդիսացող կազմակերպությանը, որը պետք է իրականացնի վարկային միջոցների մարումը: Ներկայումս արդեն իսկ Երևան համայնքի ավագանու որոշմամբ հիմնադրվել  է համապատասխան համայնքային կազմակերպություն, որի հետ ենթակա են կնքման ենթավարկային պայմանագրերը:

Մրցույթի արդյունքում ծրագրի իրականացման համար ընտրված կազմակերպությունը նախատեսված շինարարական աշխատանքների ավարտից հետո կստանձնի նոր աղբավայրի շահագործումը 5 տարի ժամկետով:

Համայնքային կազմակերպությունն այդ ժամանակահատվածում հանդես կգա որպես աղբավայրի ֆինանսական կառավարիչ` իրականացնելով շահագործման ծախսերի փոխհատուցումը և վարկային պարտավորությունների կատարումը: Ծրագրով նախատեսված շահագործման 5 տարվա ավարտից հետո համայնքային կազմակերպությունը կստանձնի նոր աղբավայրի հետագա շահագործումն ու պահպանումը: Համայնքային կազմակերպության եկամուտները կձևավորվեն աղբի տեղադրման վճարներից, աղբավայրի շահագործման արդյունքում հնարավոր այլ եկամուտներից, իսկ պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել Երևան համայնքի բյուջեից կամ համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում աղբի տեսակավորման և վերամշակման ծրագրի իրականացումից ակնկալվող մուտքերից:

Աղբի վերամշակում

Աղբի տեսակավորման և վերամշակման գործընթացը, դիտարկվելով որպես կոշտ թափոնների կառավարման համակարգի կարևորագույն բաղադրիչ, հանդիսանում է բիզնես գործընթացների բազմաճյուղ համակցություն, ինչը պայմանավորված է ստացվող արտադրանքի տեսակների ընտրության և դրանց իրացման հնարավորությունների կազմակերպման հետ: Այս համատեքստում Երևան համայնքն աղբի տեսակավորումը և վերամշակումը դիտարկում է որպես բիզնես ծրագիր և նախատեսում է համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում կազմակերպել այդ գործընթացը, ինչի հիմքում կդրվեն աղբի ծավալի նվազեցման, բնապահպանական բացասական ազդեցության նվազեցման և հնարավոր առավելագույն եկամտի /համայնքային բյուջե/ ստացման չափորոշիչները` տեխնոլոգիական լուծումների և ստացվելիք արտադրանքի ընտրության հնարավորությունը թողնելով ներդրողի հայեցողությանը:

Նորություններ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հանդիպման ժամանակ:...

Քարտեզ

Հին Երևան