Երևանի էներգաարդյունավետության ծրագրով քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության հետ ստորագրել է հ. 36 և 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը՝ այդպիսով իսկ ազդարարելով ծրագրի մեկնարկը: Մանկապարտեզներում կիրականացվի էներգաարդյունավետության, սեյսմակայունության և սանիտարական չափորոշիչների բարելավում: Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ:

Ծրագրի աջակիցների հետ հեռավար հանդիպմանը քաղաքապետ Մարությանն ընդգծել է.
«Համաճարակի պայմաններում Ձեր աջակցությամբ կարողացանք իրականացնել շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը, որի վերջնարդյունքում մեր երեխաները կունենան հիմնանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ։ Ես լիահույս եմ, որ մեր հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում, և մենք Ձեզ կներկայացնենք արդեն իսկ վերանորոգված մանկապարտեզները»,- նշել է քաղաքապետը՝ շնորհակալություն հայտնելով դոնոր կազմակերպություններին, մասնավորապես Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) մասնակիցներին՝ Եվրամիությանը, Շվեդիային, Գերմանիային, Լեհաստանին, Չեխիային, Լիտվային, Նորվեգիային և Թայվանյան բիզնես հիմնադրամին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նկատել է, որ այս ծրագիրը կբարելավի քաղաքացիների և ապագա սերունդների բարեկեցությունն ու առողջությունը:

«Շինարարության ոլորտը կարևոր նշանակություն ունի ԵՄ էներգետիկ և բնապահպանական նպատակներին հասնելու գործում: Երևանի մանկապարտեզների բավականին մեծ խմբի հիմնանորոգումը, ներառյալ սեյսմիկ ամրապնդումը, էներգաարդյունավետության միջոցառումները, հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդկանց համար շենքերի հասանելիությունը և սանիտարական ավելի լավ պայմանները դրական ազդեցություն են ունենում քաղաքացիների կյանքի որակի վրա, և ծնողներն ավելի հաճույքով են երեխաներին մանկապարտեզ տանում: Այս միջոցառումները նպաստում են կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը և նվազեցնում Երևանի քաղաքապետարանի բյուջեի ծախսերն էներգետիկ ծառայությունների ոլորտում»,-նշել է ԵՄ դեսպանը:
Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) ներկայացուցիչ Էվա Մանիկը, շնորհավորելով Երևանի քաղաքապետարանին և Եվրոպական ներդրումային բանկին՝ առաջին մրցույթը բարեհաջող ավարտելու համար, նշել է, որ հիմնադրամի կողմից տրամադրվող զգալի դրամաշնորհն ուղղվելու է էներգախնայողության լայնածավալ միջոցառումներն իրականացնելու, շենքերն ավելի ջերմակայուն դարձնելու և ծախսերը նվազեցնելու նպատակին։
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից՝ 7 միլիոն եվրովարկ, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) կողմից՝ 5 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից (ՄԱԿԶԾ միջոցով)՝ 1 միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2 միլիոն եվրո համաֆինանսավորում, ինչպես նաև առկա են տեխնիկական օժանդակության հավելյալ դրամաշնորհներ՝ ԵՄ համայնքային ծրագրերի աջակցության կառույցից (250, 000 եվրո), Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամից (250, 000 եվրո) և ԵՆԲ ներքին միջոցներից (50 000 եվրո):