Ս/թ-ի դեկտեմբերի 5-ին Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գրասենյակում տեղի ունեցավ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի նոր աղբավայրի կառուցման նախամրցույթային հանդիպումը: Կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարց ու պատասխան – քննարկման, ապա նաև Նուբարաշենի և Աջաբնյակի աղբավայրեր ճանաչողական այցի միջոցով ստանալու պարզաբանումներ։ Կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի և Աջափնյակի առկա աղբավայրերի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև նույն չափորոշիչներին համապատասխան մեկուսացնել առկա աղբավայրի տարածքները: Այս ամենը ներառում է հիմքերի մեկուսացում, հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան ռեզերվուարների կառուցում: Նախատեսվում է նաև ապահովել գազի մշտական արտադրություն և գազի այրման արդյունքում ստանալ այլընտրանքաիյն էներգիա, որը կարելի է կիրառել ինչպես ներքին սպառման կարիքները հոգալու, այնպես էլ՝ ընդհանուր օգտագործման համար՝ կախված առաջացող գազերից էլեկտրաէներգիայի ստացման քանակից: