ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 27-ին, ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջեւ:

Համաձայնագրի ստորագրումը կազմակերպվել է ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի՝ Հայաստան այցի շրջանակներում: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դոնալդ Լամբերտը:

Ծրագրի իրականացման համաձայնագիրը ստորագրվել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի միջեւ:

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015թ․ հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը մեկնարկել է 2016թ, որի շրջանակներում ԱԶԲ-ից ներգրավվել են վարկային միջոցներ՝ 88,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:

Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է ներգրավել եւս 66,100,000 եվրոյի չափով վարկային միջոցներ՝ ծրագրի ամբողջական իրականացումն ավարտին հասցնելու նպատակով։

Ծրագրի հիմնական եւ առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը սեյսմակայունության ժամանակակից չափանիշներին համապատասխան, այդկերպ՝ շուրջ 20000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը:

Ծրագրի շրջանակներում մինչ այժմ կառուցվել է 16 դպրոց։ Ներկայում ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ։ 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատանքների իրականացման տարբեր փուլերում։

Նշյալ ծրագիրն ամբողջովին համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին, որի առաջնահերթ ուղղություններից է դպրոցաշինությունը:

Վահե Հովհաննիսյանի եւ Դոնալդ Լամբերտի միջեւ ստորագրվել է նաեւ մեկ այլ՝ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը 60,090,000 եվրո արժողությամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երեւան քաղաքի 3 վարչական շրջանները եւ էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել առկա ճանապարհը, քաղաքային խցանումները, ինչպես նաեւ ստեղծել նոր քաղաքային ենթակառուցվածքներ: